Առ այսօր ո՛չ իրավապահները, ո՛չ Վահե Ղալումյանը չեն արձագանքնել Վահագն Ղալումյանի կողմից բանկային երաշխիքի կեղծման վերաբերյալ տեղեկություններին․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Նախորդ անգամ խոսել է, թե ինչպես են 2 կազմակերպություններ մասնակցել պետական և համայնքային մրցույթների և որ նրանք կապված են վարչապետի քավոր, Իջևանի ղեկավար Հայկ Ղալումյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։ Այս անգամ կներկայացնեմ ուշագրավ հանգամանքներ, թե ինչպես են նախկինները դառնում նոր և ինչպես են իրավապահները վերաբերում նրանց հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից պետությանը և համայնքին հասցված հարյուր միլիոնավոր վնասներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտարարեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Ինչպես հուշում է Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ի անվանումը, այն ճանապարհաշինական կառույց էր, որը 1998 թվականից ղեկավարում էր նախկին պատգամավոր Արծրունի Ղալումյանը։ 2002 թվականին այս ՓԲԸ-ն մասնավորեցվում է»,- նշում է Խաժակյանը և հավելում, որ մասնավորեցումից հետո ՓԲԸ-ի սեփականատեր է դառնում Արծրունի Ղալումյանը, գործադիր տնօրեն նշանակում Վահե Ղալումյանին։
Խաժակյանի դիտարկմամբ՝ այդ կազմակերպությունը տարիներ շարունակ շահել է հարյուրավոր միլիոն դրամների պետական մրցույթներ, այդ թվում՝ մեկ անձից գնման տեսքով։
Խաժակյանը նշում է, որ արդեն 2018 թվականի հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզպետ է նշանակում Վահե Ղալումյանին, ով էլ արդեն դեկտեմբերին ընտրվում է պատգամավոր։ Նա նախ հիշում է իր նախորդ տեսանյութում արված դիտարկումները բանկային կեղծ երաշխիքով մրցույթի մասնակցած՝ Վահե և Հայկ Ղալումյանների ազգական Վահագն Ղալումյանի կազմակերպության մասին և հավելում, որ Վահագն Ղալումյանը Արծրունի Ղալումյանի ազգականն է։
«Այս ամենին գումարվում է մի հետաքրքիր մանրուք․ երբ Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ն 2016 թվականին գնում է սնանկացման և կազմվում է պարտատերերի ցանկը, պարզվում է, որ ցանկում ներառված է նաև Վահագն Ղալումյան ՍՊԸ-ն, որի տնօրենը, ինչպես հասկացաք, բանկային երաշխիք կեղծած Վահագն Ղալումյանն է։ Այսինքն Իջևանի ճանշինը շահում էր պետական մրցույթներ, փոխտնօրենն էր այժմ իմքայլական Վահե Ղալումյանը, իսկ իր մատակարարներից էր իր մյուս ազգական Վահագն Ղալումյանը։ Առ այսօր ոչ իրավապահները, և ոչ էլ Վահե Ղալումյանը չեն արձագանքնել այս տեղեկություններին։ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը հաստատել է, որ Վահագն Ղալումյանը իրենց ազգականն է, սակայն ասել է, որ իրենք միմյանց առնչություն չունեն»,- մանրամասնեց Խաժակյանը՝ նշելով, որ ոչ քաղաքապետարանի, ոչ բանկի, ում երաշխիքը կեղծվել է, դիմումներին իրավապահները չեն արձագանքել։
Մանրամասները՝ տեսանյութում։










