Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ

22:05 • 26.05.20

Բոլոր հիվանդություններն անտեսվեցին, խոսվեց միմիայն կորոնավիրուսի մասին, երբ Հայաստանում ու հարևան երկրներում դեռևս այս վիրուսը չկար: Երբ այս հարցը մեզ համար դարձավ օրախնդիր, մենք նորից մոռացանք բոլոր խնդիրների մասին ու սևեռվեցինք նորից միայն այս վարակի վրա: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է բժիշկ Հայկ Մանասյանը:

Բժշկի համոզմամբ՝ մեզ այսօր վնասում է  բացառապես խուճապը. «Առանց այն էլ իմ սրտով չէր, որ երկու ամիս տնտեսությունն «անջատեցին»: Այդ ամենն անիմաստ էր, եթե իմաստ ունենար, մենք այսօր այսպիսի ցուցանիշներ չէինք ունենա»:

Պարետատան նոր որոշմամբ՝ դիմակ կրելն այլևս պարտադիր է: Հայկ Մանասյանը հիշեցնում է, որ ինքը բազմիցս դեմ է խոսել դիմակ կրելու վերաբերյալ, բայց հիմա այլ բան է ասում. «Փակ տարածքներում և մեծ թվով անծանոթ մարդկանց հետ շփվելու դեպքում դիմակ պետք է կրեն նաև անծանոթները»։ Իսկ թե ինչու, Հայկ Մանասյանը նշել է. «Մենք վարակակիրներին այլևս հիվանդանոցներում չենք պահում: Այդ մարդիկ այլևս իրենց տներում են նաև բուժվում, թե իրենք որքանով են հետևում կանոններին ու մարդկանց հետ չեն շփվում, չգիտեմ»:

Հայկ Մանասյանը նշում է, որ յուրաքանչյուր վարակակիր կարող է վարակել երկու-երեք հոգու և այս վիճակագրությունն է ցույց տալու՝ մեր առողջապահական համակարգը որքանով է պատրաստ պայքարել այս իրավիճակի դեմ: