Kia-ն մատչելի գնով փոքր էլեկտրամեքենա կթողարկի (լուսանկար)

15:07 • 27.05.20

Հարավկորեական Kia ավտոարտադրող ընկերության եվրոպական մասնաճյուղի ղեկավար Էմիլիո Էրերան հայտարարել է, որ ընկերությունը դիտարկում է քաղաքային փոքր էլեկտրամեքենայի թողարկման հարցը, որը կարող է այլընտրանք հանդիսանալ քաղաքային տրանսպորտին: Այս մասին գրում է autoexpress.co.uk կայքը:

Հաղորդվում է, որ նոր մեքենան կմրցակցի Citroen Ami քաղաքային մեքենայի հետ, որի գինը սկսվում է 6000 եվրոյից:

Էրերան ակնարկել է, որ էժան էլեկտրամեքենայի թողարկման միտքը ծագել է կորոնավիրուսի համավարակի և Citroen Ami-ի պրեմիերայի ժամանակ:

Մասնագետն ասել է, որ մարդկանց անվտանգ զգալու համար այլընտրանք է պետք հասարակական տրանսպորտին, ուստի կորեական ընկերությունը վստահ է փոքր էլեկտրական մեքենաների «իրական ներուժի» հարցում:

Kia-ի եվրոպական մասնաճյուղի ղեկավարը նշել է նաև, որ նոր էլեկտրամեքենայի թիրախային զանգվածը քաղաքային բնակիչներն են, այդ իսկ պատճառով այն էներգիայի մեծ պահուստով չի առանձնանա: 

Քանի որ կորեական ընկերությունը մտադիր է մրցակցել Citroen Ami-ի հետ, կարելի է ենթադրել նոր արտադրանքի համեմատական գները: Ֆրանսիական մեքենայի արժեքը Եվրոպայում 6000 եվրոյից է սկսվում, ամսական վարձավճարն արժե 20 եվրո: Ենթադրաբար նոր Kia-ն կարժենա 6000 եվրոյից մի փոքր էժան:

Մեքենան կթողարկվի 2021-2022 թվականներին:

 

 

 

Kia-ն մատչելի գնով փոքր էլեկտրամեքենա կթողարկի (լուսանկար)