Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ. ոստիկանապետ

18:30 • 28.05.20

Այս ընթացում իրականացվել են ստուգայցեր, որոնք իրականացվել են ամեն օր Երևանի վարչական շրջաններում: Եղել են նաև կրկնակի ուսումնասիրություններ: Այս մասին այսօր Կառավարությունում անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խոսելով համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:

Ոստիկանապետը նշեց՝ Ոստիկանության կողմից իրականացվող միջոցառումները նրա համար են, որ պարզ դառնա, թե որքանով են պահպանվում այն կանոնները, որոնց համար քաղաքացիները վարչական պատասխանատվության են ենթարկվել:

««Ռեյդերի» արդյունքներով՝ Դավիթաշեն վարչական շրջանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 104 քաղաքացի, իսկ Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում՝ 124 քաղաքացի: Ընդհանուր առմամբ՝ տեսչական մարմինների կողմից կասեցվել է թվով 62 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն: Այսօրվա տվյալները դեռ մշակման փուլում են»,- ասաց նա:

Արման Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են: Ըստ նրա՝ խախտում կատարող վարորդները կամ տնտեսվարողները ևս վարչական պատասխանատվության են ենթարկվում:

Նա նաև շեշտեց, որ ոստիկանների ուսումնասիրությունների մեջ են մտնում նաև դիմակների առկայության, կրելու և նման այլ կարևոր կանոնների ստուգումները: «Վերջին օրերին շուրջ 2000 քաղաքացիների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ: Այդ գործընթացը լինելու է շարունակական»: