Օրերս Աղձք համայնքում կորոնավիրուսից մահացած 2 քույրերը վարակվել են իրենց մոր հուղարկավորության ժամանակ

22:46 • 28.05.20

Նախօրեին՝ մայիսի 28-ին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ Tert.am-ի հետ զրույցում Աղձք համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանը նշեց, որ 61-ամյա կինը վարակվել է մոր հուղարկավորության ժամանակ։

Մահացած կնոջ քույրը նույնպես երկու օր առաջ մահացել էր կորոնավիրուսից։ Ավետիսյանի խոսքով հուղարկավորությունը սակավամարդ է եղել, արարողությանը մասնակիցների քանակը չի անցել մեկ տասնյակը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքում վարակվածների հետ շփված անձինք մեկուսացված են, գանգատներ չունեն։

Հիշեցնենք, որ մայիսի 28-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 8216 է, մահվան դեպքերինը՝ 157։