Ստեղծված են բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Երևանում այսօր կայացած Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպմանը ՀՀ վարչապետը նշել է, որ ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունները, իշխանությունները ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն:
Վարչապետը կարևորեց, որ հանդիպումը կայանում է հենց մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին: «Ես կարծում եմ՝ ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որ ՀՀ և ԱՀ կառավարությունները, իշխանությունները ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն, և իհարկե այստեղ մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որ սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի»,-ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, թե այս ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, արտադրության, տեխնոլոգիաների ոլորտներում ընդհանուր գործերը կազմակերպելուն առնչվող բազմաթիվ հարցեր:
«Ինչ վերաբերում է անվտանգությանը, Հայաստանն ու Արցախը անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքները, մարտահրավերները ակնհայտ են, և ես համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված այդ մարտահրավերներին դիմակայել, կառավարել և մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական երկարատև և կայուն զարգացման ուղի»,-հավելեց Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինտեգրման խորացումը լինելու է գլխավոր թեմաներից մեկը:
Անվտանգության առումով, Հարությունյանի խոսքով, առկա է ավելի կայուն համագործակցություն ՊԲ-ում. «Բայց մենք ունենք խնդիրներ անվտանգային մնացած ուղղություններում, որոնց համատեղ աշխատանքը ևս կարևոր է: Իսկ տնտեսությունն այլընտրանք չունի, մենք տնտեսական դաշտում նույն տնտեսական քաղաքականությունը իրականացնելով, իհարկե՝ հաշվի առնելով նաև Արցախի առանձնահատկությունները, գտնում ենք, որ ավելի մեծ տեմպեր կարող ենք ունենալ»,-հայտարարեց Հարությունյանը՝ հայտնելով նաև, թե ակնկալում է Փաշինյանի աջակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:










