«Այդ պատնեշը կկառուցվի՝ ելնելով մեր երկրի շահերից». Հունաստանի քաղպաշտպանության նախարարը հայտարարել է Թուրքիայի հետ սահմանին պատնեշ կառուցելու մասին

14:57 • 28.05.20

Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Միխալիս Խրիզոխոիդիսը երկրի հյուսիս-արևելյան սահման կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Հունաստանն Էվրոսում հույն-թուրքական սահմանին պատնեշներ կկառուցի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Այդ պատնեշը կկառուցվի՝ ելնելով մեր երկրի շահերից»,-ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Հունաստանը, այդպիսով, կփորձի կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը Թուրքիայից Եվրամիություն:

Միևնույն ժամանակ Խրիզոխոիդիսը նշել է, որ ներկայում սահմանին սպառնալիք չկա:

«Ներկայում ոչ մի արտակարգ իրավիճակ չկա, անհանգստանալու կարիք չկա: Սահմանն անվտանգ է և անվտանգ էլ կմնա»,-ընդգծել է նախարարը:

Նա ընդգծել է, որ պատնեշի կառուցումը կամրապնդի սահմանային միջոցառումները կորոնավիրուսային համավարակի դադարից հետո:

Իր հերթին, Gazete manifesto-ն՝ հղում տալով Խրիզոխոիդիսին, տեղեկացնում է, որ Հունաստանը 4100 ոստիկան կուղարկի Մարիցա գետի ափ` կանխելու համար այդ ուղով ներգաղթյալների մուտքը Հունաստան:

Նշվում է, որ այս գետը ներգաղթյալների համար ապօրինի ճանապարհներից մեկն է, որով նրանք անցնում են Հունաստանի տարածք:

Մարտ ամսին մի քանի օր տևած հարաբերական անդորրից հետո սիրիացի ներգաղթյալները Թուրքիայի կողմից Մոլոտովյան կոկտեյլներ և քարեր էին նետել Հունաստանի սահմանի ուղղությամբ: