Մեկ օրում 8371 վարակակիր և 8785 ապաքինված․ Ռուսաստանում երեք օր անընդմեջ կորոնավիրուսից բուժվածների թիվը գերազանցում է վարակման նոր դեպքերի թիվը

13:50 • 28.05.20

Ռուսաստանի 85 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8 371 նոր դեպք․ նոր վարակակիրներից 3560-ի մոտ (42,5% տոկոս) հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել, հայտնում է eadaily.com կայքը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 379 051-ի, հիվանդությունից մահացել է 4 142 մարդ։

Աղբյուրը մանրամասնում է, որ երկրում հիվանդությունից ապաքինվածների թիվը հասել է 150 993-ի, որը վարակակիրների թվի 40 տոկոսն է կազմում։ Նախօրեին հիվանդանոցից ապաքինվելուց հետո դուրս է գրվել 8 785 մարդ։

Նշվում է, որ երկրում երեք օր անընդմեջ բուժվածների թիվը գերազանցում է վարակման նոր դեպքերի թվին։

Շտաբի տեղեկություններով՝ նախօրեին կրկին հիվանդությունից մահացության ցուցանիշի ռեկորդ է սահմանվել՝ 174։ Հիշեցնենք, որ մայիսի 27-ին երկրում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան 161 դեպք։

Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է միայն ԱՄՆ-ին և Բրազիլիային։