Չինաստանում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել վարակից ապաքինված 11 մարդու մոտ

21:47 • 28.05.20

Չինաստանում բժիշկները նոր տեսակի կորոնավիրուսի ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու) են հայտնաբերել հիվանդանոցից արդեն իսկ դուրս գրված յոթ տասնյակ հիվանդներից 11-ի օրգանիզմում:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, բժիշկները նշում են, որ պետք է հետևեն իրենց հիվանդների առողջությանը նաև դուրս գրելուց հետո: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդներից շատերը կարող են վարակակիր լինել նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց առողջական վիճակն այնքան է լավանում, որ նրանց դուրս են գրում հիվանդանոցից: Մեր տվյալները փաստում են, որ բժիշկները պետք է ուշադիր հետևեն դուրս գրված հիվանդների առողջական վիճակին»,- նշում են հետազոտողները:

Գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը հաջողությամբ հաղթահարած մարդկանց օրգանիզմում սկսվում է հակամարմնի արտադրություն: Նման հիվանդներին պետք է պաշտպանել երկրորդ անգամ հիվանդանալուց: Հենց այս տեսակետի հիման վրա է գործում կորոնավիրուսի բուժման հիմնական մեթոդը, այն է՝ ապաքինված հիվանդների պլազմայի փոխներարկումը ծանր հիվանդներին: 

Չինացի բժիշկների խումբը բազմաթիվ դեպքեր է նկարագրել, երբ վարակի հետքեր են հայտնաբերվել ապաքինված մարդկանց օրգանիզմում: Նրանց եզրակացությունը հինվել է 70 հիվանդների առողջական վիճակին հետևելու արդյունքների վրա: Կրկնակի վարակման նշաններ ունեցող 11 հիվանդները միջին ծանրության են եղել, և նրանցից միայն մեկն է հայտնվել վերակենդանացման բաժանմունքում:

 

Չինաստանում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել վարակից ապաքինված 11 մարդու մոտ