Պետական մարմինների համատեղ աշխատանքը կատարելության հասցված չէ, սակայն ամեն ինչ անում ենք, որ կոնկրետ արդյունք ունենանք․ Նիկոլ Փաշինյան
Նախարարի և վարչապետի միջև չի կարող հակասություն լինել: Վարչապետը լսում է բոլորին և կայացնում է որոշում, այդ որոշումը պարտադիր պետք է կատարեն բոլոր այն պաշտոնյանները, որոնք ենթարկվում են վարչապետի որոշումներին։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո բրիֆինգի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինպե՞ս է, որ վարչապետն ասում է, թե իրավիճակը վերահսկելի է, իսկ առողջապահության նախարարը հակառակն է նշում:
«Մեզ մոտ քննարկումները բուռն են, և բոլորն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենում են և այդ բանավեճում է, որ փորձում ենք գտնել ամենաօպտիմալ լուծումները: Ինչ վերաբերում է տեսակետների կամ մոտեցումների տարբերությունններին, դա կարող է մի քանի հանգամանքներով կապված լինել: Առողջապահության նախարարը հարցերին նայում է զուտ առողջապահական տեսակետից, բայց ընդհանուր առմամբ կառավարությունը փորձում է հավասարակշռել տնտեսական, սոցիալական և առողջապահական խնդիրները»:
Վարչապետը նշեց, որ պետական մարմինների համատեղ աշխատանքը կատարելության հասցված չէ, սակայն ամեն ինչ անում են, որ կոնկրետ առաջընթաց և արդյունք ունենան:










