Թուրքիայում վերսկսվել է միջքաղաքային արագընթաց գնացքների աշխատանքը
Թուրքիան վերսկսել է 4 նահանգների միջև արագընթաց երկաթուղային հաղորդակցությունը: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» պարբերականը:
Մայիսի 28-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտարարել է, որ միջքաղաքային գնացքների աշխատանքի վերսկսումը ևս մի կարևոր քայլ է` ուղղված բնականոն կյանքին վերադարձին:
Արագընթաց գնացքները կերթևեկեն Անկարայից Ստամբուլ, Անկարայից արևմտյան Էսքիշեհիր նահանգ, Անկարայից Քոնիա նահանգ, և Քոնիայից Ստամբուլ` օրական 16 անգամ:
Ճանապարհորդության ժամանակ սնունդ չի տրվելու:
Քարաիսմաիլօղլուի խոսքով, չնայած նրան, որ գնացքները կաշխատեն 50% հզորությամբ, տոմսերի գները չեն փոխվի:
Ճանապարհորդության ընթացքում, կայարաններում դիմակ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը և հիգիենային հետևելը պարտադիր պայման է:
Գնացքի տոմս գնելու համար մարդիկ պետք է տրամադրեն հատուկ կոդ, որը պետք է ձեռք բերվի Առողջապահության նախարարության կողմից մշակված հավելվածի միջոցով, և ճանապարհորդելու թույլտվություն:
Թուրքիան բոլոր գնացքների աշխատանքը դադարեցրել էր շուրջ 2 ամիս առաջ` որպես կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների մաս:
Թուրքիայի կառավարությունը սկսել է չեղարկել քայլերի մի մասը, քանի որ երկրում դանդաղել է վիրուսի տարածումը: Բացվել են առևտրի կենտրոններն ու վարսավիրանոցները:










