Լաս Վեգասի խաղատները 11-շաբաթյա դադարից հետո հունիսի 4-ից կվերաբացվեն

13:41 • 28.05.20

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակված խաղատները մյուս շաբաթվանից կվերաբացվեն, սակայն այստեղ պահպանվելու են վարակից պաշտպանության ամենախիստ կանոնները, հայտնում է Daily Mail պարբերականը։

Նևադայի նահանգապետ Սթիվ Սիսոլակը երեքշաբթի հայտարարել է, որ խաղատները 11-շաբաթյա աշխատանքային դադարից հետո հունիսի 4-ից կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ 

Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ հյուրընկալող քաղաքն ու դրա խաղատներն արդեն սկսել են հակահամավարակային միջոցառումների շարքը։ Այսպիսով՝  խաղատների մուտքի մոտ ջերմաչափող սարքեր, խաղասարքերի մոտ ձեռքերի ախտահանման «կայաններ», իսկ սեղանների մոտ խաղացողների միջև պլաստիկ պատնեշներ են տեղադրվել։

«Երկրի տարբեր անկյուններից այցելուներին հրավիրում ենք գալ այստեղ ու լավ ժամանակ անցկացնել, ճիշտ այնպես, ինչպես նախկինում, սակայն պատրաստվում ենք զգուշավորություն դրսևորել»,- հայտարարել է Սիսոլակը և նշել, որ վարակի տարածման բոլոր հնարավոր կանխարգելիչ միջոցառումներն այստեղ արդեն ձեռնարկվել են, ուստի հունիսի 4-ից հետո Լաս Վեգասը երկրի ամենաապահով շրջաններից է լինելու։

Միևնույն ժամանակ նահանգապետը զգուշացրել է, որ վարակման դեպքերի հայտնաբերման պարագայում ստիպված են լինելու կրկին դադարեցնել խաղատների աշխատանքը։