Վրաստանում առանց Աբխազիայի և Հրվ. Օսիայի քարտեզ ստեղծող և օգտագործող անձինք կարող են ազատազրկվել մինչև 2 տարի ժամկետով

17:28 • 29.05.20

Վրաստանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում նոր հոդված է հայտնվել:

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Էլեկտրոնային քարտեզների կամ նմանատիպ այլ տպագիր նյութերի պատրաստումը, գովազդը, օգտագործումը, ներկրումը, արտահանումը, վաճառքը, որում արտացոլված է Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում, պատժվում է տուգանքով կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ», գրում է netgazeti.ge կայքը:

Քրեական օրենսգրքում այս փոփոխությունը մտցվել է 2020 թվականի մայիսի 22-ին և ուժի մեջ կմտնի հուլիսի 2-ից:

Համաձայն հոդվածի՝ այն անձը, որը կամավոր սկզբունքով կհանձնի այդպիսի իրը և նրա գործողություններում դրա հետ կապված այլ հանցավոր արարք չի լինի, կազատվի պատասխանատվությունից:

Իրավաբանական անձինք այս արարքը կատարելու դեպքում պատժվում են տուգանքով և գործունեության իրավունքի զրկմամբ: Տուգանքի նվազագույն չափը կազմում է 2000 լարի (շուրջ 305 000 դրամ): Իրավաբանական անձի համար տուգանքի նվազագույն չափը կազմում է ֆիզիկական անձի տուգանքի նվազագույն չափի հիսնապատիկը: