Նոր կորոնավիրուսի պայմաններում ամբողջ աշխարհում է շփոթ եղել միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ. Նիկոլ Փաշինյան

18:48 • 29.05.20

Ուզում եմ անդրադառնալ ապատեղեկատվության խնդրին, վերջին օրերին շատ տարածվում է միջազգային մամուլում մարտի 31-ից տեղ գտած տեղեկատվություն, որ ԱՀԿ-ն այն ժամանակ հորդորել է դիմակ կրել միայն հիվանդներին և հիվանդ խնամողներին: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա եղել է մարտի 31-ին, մի պայմաններում, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար և ընդհանուր առմամբ սա նաև ցույց է տալիս՝ քանի որ սա նոր տեսակի կորոնավիրուս է, ամբողջ աշխարհում ինչ-որ առումով շփոթ է եղել միջոցների արդյունավետության գնահատման վերաբերյալ: Սա այն պարագան է, երբ ամբողջ մարդկությունը, բոլորս միասին սովորում ենք համաճարակի դեմ արդյունավետ պայքարի միջոցները: Այդ շփոթը, որ գուցե ՀՀ քաղաքացիները նկատել են մեր երկրում, այդ շփոթը առկա է ամբողջ աշխարհում և նախկինից դուրս բերված հաղորդագրությունները նույնպես վկայում են այդ մասին»,- ասաց նա:

Վարչապետը համոզմունք հայտնեց, որ կառավարության առաջարկած կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրուսի համավարակի տեմպերը ոչ միայն կնվազեն, այլև կձգտեն զրոյի:

Հայաստանում մայիսի 29-ին մեկ օրում գրանցված վարակակիրների նոր ռեկորդ է գրանցվել՝ 460 հաստատված դեպք. նախորդ ամենաբարձ ցուցանիշները գրանցվել էին մայիսի 24-ին՝ 452 դեպք, և մայիսի 27-ին՝ 442 դեպք: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8676-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 120 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մայիսի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 45 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 165-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 10 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3297, փաստացի բուժվողներինը՝ 5214 (մեկ օրում ավելացել է 442-ով): Մեկ օրում թեստավորվել է 1111 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 56042 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 72 (տղամարդ), 42 (կին), 59 (տղամարդ), 66 (տղամարդ), 65 (կին), 64 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: