Գեղարքունիքի մարզի հյուրանոցային համալիրներից մեկի տնօրենին զրկել են ազատությունից, ապա` ունեզրկել. Ոստիկանություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը։
Նախաքննությանը հայտնի տվյալներով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն ու որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով, կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից։ Նրանից պահանջել են 120 հազար դոլար։
Արդյունքում`տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։
Այսպիսով ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը, որդին և վերջինիս ընկերները տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին, իսկ հետագայում՝ ունեզրկել։
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։










