Այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք կորոնավիրուսի բավականին լարված համաճարակային իրավիճակ. վիրուսի հետ դեռ երկարաժամկետ ենք ապրելու․ Արտավազդ Վանյան
Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսով պայմանավորված, ունենք բավականին լարված համաճարակային իրավիճակ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե, հակահամաճարակային միջոցառումներն իրականացվել են այն ուղղությամբ, որ հայտնաբերեն բոլոր հիվանդներին, անգամ՝ անախտանիշ, փորձելով արագ հայտնաբերման դեպքում՝ կանխարգելել վիրուսի տարածումը։
«Անգամ տեղյակ եք, որ շատ երկրներ, ինչպես նաև Հայաստանը, կիրառեց որոշ սահմանափակումներ, ինչի հետևանքով նվազեցին շփումները։ Բայց, քանի որ այդպես հնարավոր չէ շարունակել, մենք առաջարկում ենք կարևոր 3 կանխարգելիչ ուղղություն։ Առաջինը․ մենք շարունակելու ենք իրականացնել հիվանդների վաղ հայտնաբերում, նրանց հետ շփվածների հայտնաբերում և ինքնամեկուսացում։ Սա հնարավորություն կտա վարակի տարածումը կանխարգելել»,-ասաց Արտավազդ Վանյանը։
Նրա խոսքով՝ 2-րդ կարևոր գործընթացը տնտեսվարողներն են, այն կազմակերպությունները, որտեղ հավանականությունը մեծ է վարակի տարածման։ Արտավազդ Վանյանը կոչ արեց, պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները։
«Սա պետք է ձևավորի մշակույթ, և մեր տնտեսվարողները պետք է հասկանան, որ դեռ երկարաժամկետ պետք է մենք ապրենք կորոնավիրուսի հետ։ Բնակչությանը տալիս ենք 3 կարևոր ուղերձ․ առաջին կրեն դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը, և իհարկե, ձեռքերի հիգիենան։ Այս 3 ուղերձները պահպանելով՝ մենք նվազեցնում ենք վարակման ռիսկը»,- ասաց Վանյանը։
Նրա խոսքով՝ թաղման, հոգեհանգստի և խնջույքների վերջին դեպքերը ցույց տվեցին, որ եղել են փոքր բռնկումներ։ Արտավազդ Վանյանը նշեց, որ այսպիսի դեպքերի հետևանքով մի ամբողջ գյուղ հիվանդ ունենք։
«Սա վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր անձ, շփվելով այլ անձի հետ, պարտադիր պետք է պահպանի կանոնները»,-ասաց Արտավազդ Վանյանը։










