ԱՄՆ Մինեապոլիս նահանգում ընթացքող ցույցերի ժամանակ ոստիկաններն ուղիղ եթերում ձերբակալել են CNN-ի լրագրողին (լուսանկարներ)
Ամերիկյան Մինեապոլիս նահանգի ոստիկաններն ուղիղ եթերում ձերբակալել են CNN-ի լրագրող Օմար Խիմենեսին: Նրա հարցին, թե ինչի՞ համար են իրեն ձերբակալում, իրավապահները պատասխան չեն տվել, գրում Է CNN-ը։
Օմար Խիմենեսն ուղեղ եթերում պատմել է նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն նրան թույլ չեն տվել ավարտել աշխատանքը, ձերբակալել են ուղիղ եթերում՝ ստուդիայում վարողների և միլիոնավոր հեռուստադիտողների աչքի առաջ:
Խիմենեսին ձեռնաշղթաներ են հագցրել և տարել։ Այս ամենը նկարահանել Է CNN-ի նկարահանող խմբի օպերատորը։
Ձերբակալության ժամանակ լրագրողը հարցրել է, թե ինչի՞ համար են ձերբակալում, սակայն նրա հարցն անպատասխան է մնացել։
Ավելի ուշ Twitter-ում CNN-ի մամուլի ծառայությունը գրել է, որ ձերբակալվել են նաև նկարահանող խմբի մյուս անդամները:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյալ երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։
Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։












