Հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգի հեղինակը․ shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական միջոցառումներ, պարզել են մայիսի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին կեղծ ահազանգ տվողի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Թալին քաղաքում հայտնաբերվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում հաշվառված, 32-ամյա Անատոլի Բարիչենկովը, ով բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև այն հեռախոսն ու բջջային քարտի հեռախոսահամարը, որով ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգ է տվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, մայիսի 28-ին անհայտ քաղաքացու կողմից ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել էր, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված:










