Ադրբեջանի պետական սահմանների փակումը երկարաձգվել է մինչև հունիսի 15-ը

16:49 • 29.05.20

Ադրբեջանի կառավարությանը կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկություն է տարածել երկրի սահմանների փակումը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Շտաբում նշել են, որ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված քայլերի շրջանակում պետությունների մեծ մասը ժամանակավորապես փակել են իրենց սահմանները և երկարաձգել միջազգային չվերթների իրականացման արգելքը:

«Աշխարհում կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի վերլուծությունից հետո որոշում է կայացվել երկարաձգել Ադրբեջանի Հանրապետության տարածք ելումուտի սահմանափակումը ցամաքով և օդով (բացառությամբ բեռնափոխադրումների և չարթերային չվերթների) մինչև 2020 թվականի հունիսի 15-ը»,-ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ:

Վերջին տվյալներով՝ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4759 և մահվան 56 դեպք: