«2012 թվականին Վրաստանում ուսուցչի միջին աշխատավարձը 330 լարի էր, այսօր` 1028 լարի». Գախարիա

18:07 • 29.05.20

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մայիսի 29-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ պատասխանել է վրացական իշխանությունների ընդդիմախոսներին` բերելով երկրի ներքին կյանքում տեղի ունեցած մի շարք փոփոխությունների օրինակներ: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

«Խոսեմ այն հարցի մասին, թե ինչ ենք մենք արել համաճարակի ժամանակ: Մի ժամանակահատվածում, երբ երկիրը և ամբողջ աշխարհը բախվում է անսպասելի ճգնաժամի, որը կանխատեսելու համար անգամ որևէ հիմք չկար, մեր հիմնական նպատակը, իհարկե, քաղաքացիներին օգնության հասնելն է եղել»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան նաև մի շարք ոլորտներում համեմատական է անցկացրել 2012 և 2020 թվականներին երկրի բյուջետային վիճակի վերաբերյալ:

«Ես նաև ցանկանում եմ մի քանի պարզ թիվ ներկայացնել, որպեսզի ամեն բան պարզ դառնա. 2012 թվականին Վրաստանի առողջապահության բյուջեն կազմել է 332 միլիոն լարի, այսօր Վրաստանի առողջապահական բյուջեն կազմում է 76 միլիարդ լարի: Հաշմանդամներին տրվող սոցիալական օգնությունը կազմում էր 115 միլիոն լարի, այսօր այն կազմում է 240 միլիոն: Թոշակները Վրաստանում 2012-ին կազմում էին 905 միլիոն լարի, այսօր դրանք կազմում են 2 միլիարդ 267 միլիոն: Կրթության բյուջեն 2012 թվականին կազմում էր 757 միլիոն լարի, այժմ Վրաստանի կրթական բյուջեն կազմում է 1 միլիարդ 800 միլիոն լարի: Ուսուցչի միջին աշխատավարձը 2012 թվականին 330 լարի էր, այսօր` 1028 լարի»,-հայտարարել է Գախարիան:

Վրաստանի վարչապետն այս թվերը ներկայացրել է ի համեմատություն Վրաստանի նախկին իշխանության, որը գլխավորում էր երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: