«Թուլությունը ճգնաժամի ընթացքում մեկ ուրիշին մեղադրելն է»․ ցույցերի կենտրոն դարձած Մինեապոլիսի քաղաքապետը պատասխանել է Թրամփի՝ իրեն «թույլ» անվանելու մասին հայտարարությանը

13:17 • 29.05.20

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը, մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի՝ իրեն «թույլ» անվանելու մասին հայտարարությունը, նշել է, որ ամերիկյան առաջնորդը «ոչինչ չգիտի» քաղաքի ուժի մասին, իսկ այն «չափազանց ուժեղ է» և կարող է ներկա դժվարությունները հաղթահարել, մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետի այս հայտարարությունը հրապարակվել է msnbc.com կայքում։

«Թուլությունը գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելուց հրաժարվելն է։ Թուլությունը ճգնաժամի ընթացքում մեկ ուրիշին մեղադրելն է։ Դոնալդ Թրամփը որևէ բան չգիտի Մինեապոլիսի ուժի մասին։ Մենք չափազանց ուժեղ ենք։ Այո՛, հիմա դժվար ժամանակներ են, սակայն սա էլ կհաղթահարենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը, որտեղ սևամորթ իրավախախտի սպանության դեպքի հետ կապված զանգվածային բողոքի ցույցերն ավելի են թեժանում։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

«Թալանի հետ մեկտեղ նաև կրակոցներն են սկսվում»,- զգուշացրել է Թրամփը և հավելել, որ Ազգային գվարդիան ամեն բան կկարգավորի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյալ երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։