ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթի դաժան սպանությունից հետո կրքերը չեն հանդարտվում. հարյուրավոր ցուցարարներ շենքեր են հրդեհել (լուսանկարներ)
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքն արդեն երրորդ գիշերն է ուշքի չի գալիս Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով անցկացվող ցույցերից. այստեղ ցուցարարների գործողությունները հանգեցրել են հրկիզումների, այդ թվում` ոստիկանական բաժանմունքում, գրում է The Guardian պարբերականը:
Անկարգությունները սկսվել են նրանից հետո, երբ ոստիկանը դաժանաբար սպանել է սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդին և համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում: Հայտնի է, որ սպիտակամորթ ոստիկանը, մոտ 9 րոպե պառկեցնելով Ֆլոյդին գետնին, ծնկով սեղմել է նրա վիզը և ուշադրություն չի դարձրել տղամարդու բացականչություններին, երբ նա գոռացել է, որ չի կարողանում շնչել:
Այս դեպքից բարկացած՝ հարյուրավոր ցուցարարներ քայլել են քաղաքի կենտրոնով՝ բացականչելով արդարության կոչեր, իրենց հետ տանելով պաստառներ, որոնց վրա գրված է եղել՝ «Ես չեմ կարողանում շնչել»:

Օրը մթնելուն պես իրավիճակը էլ ավելի է սրվել, ցուցարարները սկսել են հրկիզել շենքերը, այդ թվում` լիկյորի խանութը, որտեղ շշեր են պայթել և վախեցրել մարդկանց:
Սակայն ցուցարարների հիմնական թիրախը եղել է 3-րդ ոստիկանական բաժանմունքը, որտեղ երիտասարդները են ներխուժել՝ ցատկելով պատնեշի վրայով: Ցուցարարները բացականչել են Ֆլոյդի անունը, գոռացել են «չկա՛ արդարություն, չկա՛ խաղաղություն»: Նրանք հրկիզել են ոստիկանական շենքը:

Ոստիկանները հետևել են դեպքերի զարգացմանը, բայց չեն միջամտել: Ոստիկանները մարել են հրդեհները, բայց չեն մոտեցել ոստիկանական բաժանմունքին: Ավելի ուշ լուր է տարածվել, որ ազգային գվարդիան արդեն ճանապարհին է, ինչից հետո ցուցարարների մի մասը ցրվել է, բայց իրավապահների կողմից ուժի կիրառում այդպես էլ չի եղել:

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցերը կապված են նախօրեին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։











