Հնդկաստանում կապիկները հարձակվել են լաբորատորիայի աշխատակցի վրա և կորոնավիրուսի հնարավոր վարակակիրների արյան նմուշները գողացել (տեսանյութ)
Հնդկական Ուտար Պրադեշ նահանգում մի քանի կապիկ հարձակվել է կորոնավիրուսի հնարավոր վարակակիրների արյան նմուշները լաբորատորիա տեղափոխող աշխատակցի վրա և երեք թեստ գողացել, հայտնում է India Today-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ նահանգի Մեերուտայի բժշկական քոլեջում։ Բժիշկները մտահոգություն ունեն, որ եթե նմուշներից որևէ մեկում կորոնավիրուս լինի, ապա կապիկները կարող են վարակվել դրանցից։ Բուժաշխատողների խոսքով՝ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ կապիկները «գողություն» են արել այդ կենտրոնից։
Հնդկական լրատվամիջոցներում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկներից մեկը նմուշների հավաքման սարքը ծամում։
Նահանգային ոստիկանությունը հաստատել է, որ կապիկները «հափշտակել» են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրների արյան նմուշները, և անգամ անտառային վարչությանը տեղեկացնելուց հետո կենդանիներին բռնել հնարավոր չի եղել։
Իշխանությունները միջադեպի հետաքննություն են սկսել։










