«Եթե ատելության հողի վրա հարձակումները ոչ թե եկեղեցիների, այլ մզկիթների վրա կատարվեին, կշարունակեի՞ք լուռ մնալ». Կարո Փայլանը հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահին

16:14 • 29.05.20

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Ստամբուլի Սկյուտար թաղամասում հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է խորհրդարանում և հարցում ուղղել Թուրքիայի փոխնախագահին: Այս մասին տեղեկացնում է ankahaber.net կայքը:

«Վերջերս ատելության հողի վրա հարձակումներ են տեղի ունենում Ստամբուլի եկեղեցիների վրա: Եկեղեցիներից մեկի դռան վրա ատելության և խտրականության խոսքեր էին գրել: Այրվել էր եկեղեցիներից մեկի դուռը, անգամ զինված հարձակման փորձ է եղել: Նախագահն ու նախարարներն ատելության հողի վրա կատարված այս հարձակումները դատապարտող ոչ մի հայտարարություն չեն արել: Նախագահը չպետք է լռի ատելության հողի վրա կատարված հարձակումների մասով: Ատելության հողի վրա կատարված և չդատապարտված հանցանքները կրկնվող հանցանքներ են: 2020 թվականի մայիսի 26-ին ատելության հողի վրա ևս մի հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա, որի դարպասի վրայից հանվել է խաչը և նետվել գետնին»,- հիշեցրել է Փայլանը:

Հայազգի պատգամավորը եկեղեցիների վրա կատարված հարձակումների վերաբերյալ հարցում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային, որում, մասնավորապես, ասվում է.

1) Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում փոքրամասնությունների սրբավայրերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ,

2) Ինչո՞ւ չեք կանխում հայկական եկեղեցիների վրա կատարվող հարձակումները,

3) Ինչո՞ւ չեք կարողանում դատապարտել եկեղեցիների վրա կատարվող հարձակումները,

4) Արդյոք հնարավո՞ր է կասեցնել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունները, երբ նախագահը շարունակում է ատելության խոսք տարածել, ինչպիսին, օրինակ, «թրի մնացորդներն» է,

5) Չկանխելով եկեղեցիների վրա հարձակումները՝ արդյո՞ք ինքներդ խտրականության մեջ հանցավոր չեք,

6) Արդյո՞ք կրկին լուռ կմնաք, եթե ատելության հողի վրա հարձակումները կատարվեն մզկիթների, ոչ թե եկեղեցիների վրա:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռների վրայի խաչը պոկվել է անհայտ անձի կողմից և գետնին նետվել: