Հարավային Կորեան կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքից խուսափելու համար կրկին խիստ սահմանափակումներ է մտցրել
Հարավային Կորեայի մայրաքաղաքային շրջանում կորոնավիրուսի հետևանքով սահմանված սահմանափակումների թուլացման ֆոնին օրերս բացված թանգարանները, պատկերասրահները և թատրոնները կրկին փակվել են, հայտնում է interfax.ru կայքը։
Մայրաքաղաքային շրջանի հաստատությունները սկսել են փակել Սեուլում կորոնավիրուսի նոր դեպքերի աճից հետո:
Նշվում է, որ Հարավային Կորեայի կառավարությունը միջոցառումները խստացրել է նաև ուսումնական հաստատություններում։ Մայրաքաղաքի և հարակից շրջանների տարրական և միջնակարգ դպրոցներին պարտադրվել է սահմանափակել սովորողների թիվը։
Երկրի կրթության նախարարությունը կրկին հիշեցրել է հաստատություններում սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտության մասին։
Հարավային Կորեայում արդեն երկրորդ օրը շարունակ կորոնավիրուսով վարակման ավելի քան 50 նոր դեպք է հայտնաբերվում, միևնույն ժամանակ դեպքերի մեծ մասը գրանցվում է մայրաքաղաքում։










