Թրամփը սպառնացել է իր վերահսկողության տակ վերցնել Մինեապոլիսը, որտեղ սևամորթի դաժան սպանության ֆոնին զանգվածային անկարգություններ են տեղի ունենում (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը, որտեղ սևամորթ իրավախախտի սպանության դեպքի հետ կապված զանգվածային բողոքի ցույցերը գնալով էլ ավելի են թեժանում, հայտնում է Daily Mail պարբերականը։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեքոբ Ֆրեյին «թույլ» որակելով, սպառնացել է իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։
«Թալանի հետ մեկտեղ նաև կրակոցներն են սկսվում»,- զգուշացրել է Թրամփը։
Նշվում է, որ ոստիկանները հինգշաբթի գիշերը ստիպված են եղել լքել Մինեապոլիսի՝ ցուցարարների կողմից հրդեհված ոստիկանական երրորդ բաժանմունքը։ Հայտնի է, որ ցույցի մասնակիցները զայրացել են դատախազների զգուշացումներից առ այն, որ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող ոստիկանների համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում և, հնարավոր է, որ ոստիկանները կրկին ազատության մեջ լինեն։
Կայքի փոխանցմամբ՝ հինգշաբթի գիշերը Մինեապոլիսի փողոցներում Ազգային գվարդիայի մոտ 5000 զինվոր է եղել․ քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել, տեղի են ունեցել նաև զանվածային ձերբակալություններ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, զանգվածային բողոքի ցույցերը կապված են նախօրեին սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած՝ բողոքողներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։













