Թրամփը ստորագրել է սոցցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը

00:35 • 29.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Սպիտակ տանը:

Ինչպես արդեն հայտնել էինք, ավելի վաղ Twitter-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների ներքևի հատվածում, որտեղ նա հայտարարել է, որ փոստով քվեարկությունը զգալի կեղծիքների է հանգեցնում, տեղեկատվության հնարավոր անարժանահավատության մասին ավտոմատ նշում էր հայտնվել:

Կիրակի ԱՄՆ-ի առաջնորդը Twitter-ում գրել էր, որ դեմոկրատները, փոստով քվեարկություն կազմակերպելով, փորձում են պայմաններ ստեղծել ընտրություններում խարդախությունների համար:

«Փոստային քվեաթերթիկները կբացվեն, քվեաթերթիկները կեղծվելու են և նույնիսկ ապօրինաբար տպվելու և ստորագրվելու են»,-գրել է Թրամփը:

Նա քննադատել է փոստով քվեարկության գործընթացը՝ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններում նահանգի բոլոր ընտրողներին փոստով քվեաթերթիկներ ուղարկելու մտադրության ֆոնին։

Թրամփի երկու հաղորդագրություններն ուղեկցվում են հատուկ նշումով՝ բացականչական նշանով և «Ուսումնասիրեք փոստային քվեարկության մասին փաստերը» գրությամբ։

Ոչ հավաստի տեղեկությունների մասին նշումներին ի պատասխան ԱՄՆ նախագահը Twitter-ին մեղադրել է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար։

«Twitter-ն այժմ միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Նրանք ասում են, որ փոստով քվեարկության վերաբերյալ իմ հայտարարությունը, որը կարող է հանգեցնել զանգվածային կոռուպցիայի և կեղծիքի, սխալ է՝ հիմնվելով CNN-ի և Washington Post-ի կեղծ լուրերի կողմից անցկացված տեղեկատվության ստուգման վրա: Twitter-ն ամբողջությամբ ճնշում է խոսքի ազատությունը, և ես, որպես նախագահ, թույլ չեմ տա, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա։