Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհները կարգելափակվեն, մատուռում մարդկանց մեծ կուտակումներ են նկատվել. Ոստիկանություն

20:14 • 30.05.20

Թեև ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել և կոչ արել հանգստյան օրերին զերծ մնալ ուխտատեղիներ, տեսարժան վայրեր գնալուց և բազմամարդ այլ միջոցառումներ կազմակերպելուց, այդուհանդերձ, մասնավորապես Ղալթաղչիի Սուրբ Հովհաննես մատուռում նկատվում է մարդկանց մեծ կուտակում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Բացի այդ, մատուռի շրջակայքում քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորություն։

Վերոնշյալը հաշվի առնելով՝ որոշում է կայացվել արգելափակել մատուռ տանող ճանապարհները։

Հայցում ենք բոլոր ուխտագնացների ներողամտությունը։ Այս ժամանակավոր որոշումը կայացվել է բոլորիս առողջությունը պահպանելու անհրաժեշտությունից ելնելով։