Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում
Մայիսի 30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում, 24-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 252 պացիենտ, որոնցից 174-ը մարզի բնակիչ է։
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը, 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Արձանագրվել է մահվան 9 դեպք։
Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 312 քաղաքացի, նրանցից 24-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1942 նմուշառում, մայիսի 12-ից 30-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 619 նմուշառման հետազոտություն:
Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 251 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8927-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 127 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 48 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 175-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 20 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3317, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում ավելացել է 221-ով): Մեկ օրում թեստավորվել է 1039 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 57081 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտները եղել են 61 (կին), 82 (տղամարդ), 73 (տղամարդ), 70 (տղամարդ), 75 (տղամարդ), 76 (տղամարդ), 64 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:










