Հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը անհրաժեշտություն է և առաջիկ մեկ տարվա համար է լինելու խստիվ անհրաժեշտություն. Նիկոլ Փաշինյան
Չնայած երեկ նախորդ օրվա համեմատ կորոնավիորսով հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակային իրավիճակի չի փոխվում: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք,և հիշեցրեց, որ այս ընթացում էլի եղել է նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը եղավ 289 դեպք, որից հետ էլի դեպքերը սկսել են աճել: «Նկատի ունեմ` մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը՝ հասկանալու՝ արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխե՞լ է իրավիճակում, թե ոչ: Ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, և որ առաջին մեկ տարվա համար է լինելու խստիվ անհրաժեշտություն: Այդ կանոնները պատշաճ մակարդակի չպահելու մասին է վկայում այն, որ ոստիկնաությունը երեք օրվա ընթացքում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ: Դրանք վերաբերվել են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատանը, և այդ կազմակերպությունների գործունեությունը դադարել է:
Փաշինյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ինչու պետք է ընտանիքի անդամները ավտոմեքենայի մեջ կրեն դիմակ: Վարչապետը նշեց՝ ավտոմեքենան պարետի որոշամբ ճանաչվել է փակ տարածք, իսկ փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է:
«Երբ ասում ենք՝ բացառել առանց դիմակի շփումը ընտանիքի անդամ չհանդիսացող քաղաքացիների հետ, դա չի նշանակում, թե ընտանիքի անդամների հետ ամեն տեղ և ամենուր կարելի է շփվել առանց դիմակի: Ավտոմեքենաների մեջ, տրանսպորտային միջոցներում, փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տնից դուրս պետք է պարտադիր ընտանիքի անդամների հետ շփվել բացառապես դիմակով, իսկ տներում՝ նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել բացառապես դիմակով»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացօթյա առևտրի դեպքում էլ պետք է առևտուրն իրականացնել բացառապես դիմակով. թե՛ գնորդը, թե՛ վաճառողը պարտադիր պետք է լինեն դիմակով:










