Հուսով եմ` օժանդակության համար Վրաստանին դիմելու անհրաժեշտություն չի ծագի, մենք կարող ենք այնպես անել, որ այդ աջակցության կարիքը չունենանք. Նիկոլ Փաշինյան

19:33 • 30.05.20

Մենք առաջին օրվանից կորոնավիրուսի դեպքերի արձանագրմամբ սերտորեն համագործակցել ենք Վրաստանի կառավարության հետ, ընդ որում՝ վարչապետից մինչև մասնագետներ, և այդ համագործակցությունը շատ արդյունավետ ենք համարում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վրացական կողմի հայտարարությանը, որ եթե Հայաստանը դիմի, ապա Վրաստանը օժանդակություն կցուցաբերի:

«Բնականաբար, եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր, բայց հուսով եմ նման անհրաժեշտություն չի ծագի: Ինչպես բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք այնպես անել, որ աջակցության կարիք չունենանք: Չնայած ասում եմ՝ մենք պետք է պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես Հայաստանն ու Վրաստանն իրար օգնելու: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ այսպիսի պայմաններում պետք է մշտապես իրար կողքի լինել, իրար աջակցել, որովհետև համաճարակները ընդհանուր օրակարգի հարց են և դրանք ընդհանուր սպառնալիք են: «Մենք մեր հարևանների ՝ և՛ Վրաստանի, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության, և՛ մեր միջազգային մյուս գործընկերների հետ պատրաստ ենք սերտորեն համագործակցել»,- ասաց նա։