«Ջորջի ընտանիքն արդարադատության իրավունք ունի, Մինեսոտայի ժողովուրդը՝ անվտանգ ապրելու»․ Թրամփը՝ ԱՄՆ-ում զանգվածային անկարգությունների ալիք բարձրացրած աղմկահարույց սպանության մասին

13:48 • 30.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զրուցել է ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդի ընտանիքի անդամների հետ, գրում է CNN-ը։

«Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել մեր ազգին և Ջորջ Ֆլոյդի ընտանիքին»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ զրուցել է Ֆլոլդի ընտանիքի անդամների հետ։

«Ես հասկանում եմ ձեր ցավը։ Ջորջի ընտանիքն արդարադատության իրավունք ունի, իսկ Մինեսոտայի ժողովուրդն անվտանգ ապրելու իրավունք ունի»,- լրագրողներին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե Ֆլոյդի ընտանիքի անդամներից ում հետ է զրուցել և երբ։

«Ես պարզապես արտահայտել եմ իմ վիշտը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյած երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։