Նորվեգիան և Դանիան կարգելեն Շվեդիայից զբոսաշրջիկների մուտքը՝ երկրում կորոնավիրուսի բարձր ցուցանիշի պատճառով
Նորվեգիան և Դանիան սահմանափակումների թուլացման ֆոնին միմյանց համար կվերաբացեն իրենց սահմանները, սակայն այս երկրների սահմանները դեռևս փակ կմնան իրենց սկանդինավյան հարևան Շվեդիայի համար, գրում է Daily Mail-ը։
Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Դանիան հունիսի 15-ից կրկին կբացի իր սահմանները Գերմանիայի, Նորվեգիայի և Իսլանդիայի բնակիչների համար, իսկ Նորվեգիան հայտարարել է, որ իր սահմանները դեռևս փակ կլինեն Դանիայի քաղաքացիների համար։
Դանիա մուտք գործող նորվեգացի, գերմանացի և իսլանդացի զբոսաշրջիկները պետք է նվազագույնը 6 գիշեր անցկացնեն երկրում։
Թե՛ Նորվեգիան, թե ՛Դանիան հայտարարել են, որ դեռևս չեն ընդունի Շվեդիայից ժամանած զբոսաշրջիկներին՝ երկրում կորոնավիրուսի տարածվածության պատճառով։
Շվեդիան արգելափակումների ամբողջական չեղարկումից հետո մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում:Երկրում սահմանափակումների չեղարկումից հետո կտրուկ ավելացել է կորոնավիրուսի դեպքերի և մահացությունների թիվը։
Շվեդիայի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որը հիմնականում հիմնված է սոցիալական հեռավորության և տարրական հիգիենայի վերաբերյալ կամավոր միջոցառումների վրա, շատերի կողմից քննադատության է արժանացել։
Սակայն երկրի իշխանությունների որդեգրած ռազմավարությունը, կարծես, մեղմել է տնտեսության հարվածը․ հիմնվելով այսպես կոչված «պատասխանատվության սկզբունքի» վրա՝ Շվեդիան այս ընթացքում չի փակել մինչև 16 տարեկան երեխաների համար դպրոցները, ինչպես նաև սրճարանները, բարերը, ռեստորանները և ձեռնարկությունները։










