Մենք շատ ենք ցանկանում դպրոց հաճախումը սկսել սեպտեմբերի 1-ին, բայց պետք է պատրաստ լինենք նաև հեռավարին. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

11:01 • 30.05.20

Ցավոք, այն, ինչ տեսնում ենք այսօր, մտահոգիչ է: Մեր խնդրանքները դպրոցներում պահվում են, բայց ինձ համար տարօրինակ են այն լուրերը, փաստերը, որ իրականացվում են դպրոցական խնջույքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով սեպտեմբերին դպրոցներում դասերը վերսկսելու մասին:

Նախարարը շեշտեց, որ բոլոր հնարավորությունները կան սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու համար, սակայն մի քանի կարևոր հանգամանքներ են պետք հաշվի առնել:

«Հանրակրթության ոլորտի շահառուները՝ աշակերտները, ուսուցիչները, ծնողները մեր բնակչության մոտ կեսն են և ըստ էության՝ նրանք կարող են երկրում շատ մեծ խնդիր լուծել: Սեպտեմբերի 1-ին կարող ենք դասերը սկսել, բայց մենք միասին պետք է խստագույնս հետևենք ցուցումներին»,- ասաց նա և հիշեցրեց, որ պարտադիր են դիմակ կրելու, ձեռքերը ախտահանելու, սոցիալական հեռավորություն պահպանելու  կանոնները:

Արայիկ Հարությունյանը հորդորեց, որ դպրոցներում անցկացվող խնջույքներից խուսափեն, քանի որ այն վարակի տարածման մեծ ռիսկ է ներառում: Ըստ նրա՝ դպրոցում անցկացվող խնջույքներով նվազեցնում են մոտ ապագայում բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունը, որովհետև հավանական է, որ դպրոցականները կարող են վարակվել և ախտանշաններ չունենալ, սակայն կարող են վտանգել ավագ սերնդի ներկայացուցիչների կյանքերը:

«Այստեղ լուծում կա. ավելորդ շփումների պակասեցում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում և սոցիալական հեռավորության պահպանում: Այս երեք կետերը պահպանելով՝ զրոյին ենք մոտեցնում վարակվելու հնարավորությունը և սեպտեմբերի 1-ից դասերը սկսելու հնարավորությունը»,- նշեց Հարությունյանը:

Հեռավար դասերի մասով նախարարը նշեց, որ սխալ են այն տեղեկությունները, թե նախարարությունը պատրաստվում է հեռավար դասերը շարունակել նաև սեպտեմբերից, սակայն նրա խոսքով՝  եթե իրավիճակը վատթարանա, ապա պետք է նաև դրան պատրաստ լինել:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե ստեղծված իրավիճակը դավադրություն է պետության դեմ, վակցինաներ են ներարկվում, 5G կայաններ են տեղադրվում  կամ չիպավորումներ են իրականացվում, նա շեշտեց, որ պետք է նման հայտարարությունները մերժել և ծաղրել նման տեղեկություններ տարածողներին:

«Պետք է սոցիալական ցանցերում բլոկ անել բոլորին, ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություններ են տարածում որոշ ուսուցիչներ: Մենք այս անգրագիտությունը պետք է մերժենք, եթե չմերժենք, ապա լրջագույն խնդիր ենք ունենալու մեր ազգային անվտանգության հարցում»,- ասաց նախարարը և հավելեց, որ նման ապատեղեկատվությունները կարող են նաև պատերազմական իրավիճակներում մեզ զոհ դարձնել: 

Մանրամասները՝ տեսանյութում: