Նյու Յորքում ոստիկաններն ավելի քան 200 մարդու են բերման ենթարկել սևամորթ տղամարդու սպանությունից հետո բռնկված ցույցերի ժամանակ
Ամերիկյան Նյու Յորք քաղաքի ոստիկանության աշխատակիցներն ավելի քան 200 մարդու են բերման ենթարկել, որոնք անցած երկու օրվա ընթացքում փողոց էին դուրս եկել Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բռնկված բողոքի ցույցերին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է ТАСС-ն՝ հղում անելով СBS հեռուստաընկերությանը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է նյույորքյան ոստիկանության ղեկավար Դերմոթ Շին:
Նրա խոսքով՝ անկարգություններին մոտ 3000 մարդ է մասնակցել: Հիմնական բողոքի ցույցերը, որոնք վերաճել են անկարգության, սկսվել են Նյու Յորքի Բրուքլին շրջանում, որտեղ ցուցարարները այրվող հեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում օրեր առաջ սևամորթ իրավախախտին դաժանորեն սպանած ոստիկանին ուրբաթ ձերբակալել են: Մարդասպանության համար ներկայացված մեղադրանքի համաձայն՝ ոստիկանը ծնկով 3 րոպե շարունակ սեղմել է սևամորթ տղամարդու պարանոցը:










