ԱՄՆ-ում աֆրոամերիկացու դաժան սպանության հետևանքով արդեն 4-րդ օրը չեն դադարում զանգվածային անկարգությունները. Թրամփը չի բացառել զորքի կիրառումը (լուսանկարներ)
ԱՄՆ-ում մեկ տասնյակից ավելի քաղաքներում շարունակվում են զանգվածային ցույցերը, որոնց պատճառը ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի դաժան սպանությունն է:
Ինչպես հայղորդում է Daily Mail-ը, բողոքի զանգվածային ակցիաները վերածվել են անկարգությունների: Մասնակիցների դժգոհության ալիքը չի հանդարտվում: Նրանք ջարդուփշուր են անում խանութներ, հրկիզում են շենքեր, տեղի են ունենում ոստիկանությնա հետ բախումներ:
Առավել լարված է իրավիճակը Մինեապոլիսում, Ատլանտայում, Դենվերում, Կոլումբուսում, Լոս Անջելեսում, Դետրոյթում, Բրուկլինում:

Ցուցարարներին են միացել մի շարք հայտնի աֆրոամերիկացի աստղեր, այդ թվում նաև հոլիվուդյան դերասան Ջեյմի Ֆոքսը:
Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ որոշակի պահի զորքերը կարող են քաղաքների փողոցներ մտցվել: Պարբերականը նկատում է, որ զորքերը պատրաստվածության են բերվել, ինչը 1992թ. ի վեր առաջին անգամ է տեղի ունենում:

Նշվում է, որ նախորդ գիշեր Դետրոյթում բախումների հետևանքով մեկ ցուցարար է սպանվել:

Հիշեցնենք, որ Մինեապոլիսում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը կապված են օրերս սոցցանցերում տարածված՝ 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հետ, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը, ինչի հետևանքով սևամորթ տղամարդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մնացյալ երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։





















