Ապրուստի մեր միջոցը մոմավաճառությունն է,բայց ոստիկանները չեն թողնում գնալ վանք. Հարթագյուղի բնակիչներ (տեսանյութ)
Ապրուստի մեր միջոցը մոմավաճառությունն է,բայց ոստիկանները չեն թողնում գնալ վանք, մենք էլ ասում ենք՝ մեր հացի փողն այդպես ենք աշխատում, ասում են՝ ժողովուրդն էլ վանք չի գալու, չենք թողնելու: Այս մասին լրագրողներին հայտնեց Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի բնակիչներից մեկը՝ նշելով, որ գյուղի բնակիչների մեծ մասը մոմավաճառությամբ է ապրում, սակայն հիմա դա էլ չեն կարող:
Հարթագյուղցին նշեց, որ որոշել էին իրենց բողոքի ձայնն ակցիայի ձևով բարձրացնել, սակայն իրենց խոսք են տվել, որ երկու օրից կարող են իրենց աշխատանքին անցնել: «Այլ աշխատանք չունենք, Ռուսաստան գնալ էլ չենք կարող, գյուղի գործ պիտի անենք: Գյուղի 90 տոկոսը մոմավաճառությամբ է զբաղվում: Դե, բոլորն էլ բողոքում են»:
Բնակիչը պատմեց, որ համայնքի ղեկավարը ևս խոսել է՝ ասելով, որ պետք է երկու օր սպասել, ու հույս է հայտնել, որ լավ է լինելու: «Իրեն լսեցինք, թողեցինք, ետ եկանք»:
Համայնքի ղեկավար Անդրանիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բնակիչներն էլ գիտեին ոստիկանների հայտարարության մասին, դրա համար Սուրբ Հովհաննես եկեղեցին պետք է փակ լինի: Նա նշեց, որ այն խոսակցությունները, թե գյուղում խառը իրավիճակ է, սխալ են:
«Եղել է խոսակցություն, թե ինչպե՞ս պետք է ապրենք եկեղեցին փակելուց հետո, բայց աժիոտաժ կամ նման այլ բան չի եղել: Իհարկե, գյուղի բնակիչների մեծամասնությունն այդ միջոցով է ապրում, մի մասը՝ առևտրով, մի մասը՝ մոմավաճառությամբ»,- ասաց համայնքի ղեկավարը:
Մանրամասները՝ տեսանյութում










