Արայիկ Հարությունյանի հայտարարությունները ցույց են տալիս՝ գործ ունենք ՀՀ-ի և Արցախի դիրքորոշումների լիարժեք սինքրոնիզացիայի հետ, ինչը նպաստում է Արցախի սուբյեկտայնության նվազմանը․ Հ. Մելիք-Շահնազարյան

23:34 • 31.05.20

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից արտգործնախարարի պաշտոնում Մասիս Մայիլյանին, իսկ Անվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին նշանակելը հաստատում են այն իրողությունը, որ Հայաստանի իշխանություններն են որոշել՝ ում տեսնել Արցախի անվտանգային և արտաքին ոլորտներում: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ այդ նշանակումները Արցախի նախագահինը չեն:

«Արայիկ Հարությունյանի հայտարարություններն էլ ցույց են տալիս, որ մենք գործ ունենք Հայաստանի և Արցախի դիրքորոշումների լիարժեք սինքրոնիզացիայի հետ՝ առանց որևէ հակասության, ինչն էլ նշանակում է, որ մենք կորցնելու ենք անհրաժեշտության պարագայում Արցախի տարբերվող դիրքորոշման միջոցով տարբեր գործընթացներ կասեցնելու հնարավորությունը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը չմեկնաբանեց այն հանգամանքը՝ ստացվում է, որ Արցախի արտաքին գործերի նախարարի մուտքը արգելվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկիր Ռուսաստան: Նա նկատեց, որ իհարկե, լուրը չի հերքվել, բայց դա չէ այս նշանակումների ամենավտանգավոր կողմը:

«Արայիկ Հարությունյանը նշում է, որ իբրև թե քաղաքական դաշտի միասնություն ստեղծելու նպատակով է այդ նշանակումն արել, բայց կարծում եմ, դա իրականության հետ կապ չունի: Իրականությունն այն է, որ այդ նշանակումը Երևանից պարտադրվել է»,- ասաց նա:

Այդ պարտադրանքները, ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, բացահայտում են մեկ այլ հանգամանք ևս, որ Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը միևնույն քաղաքական ծրագրի մասն են:

«Դեռ անցած տարվա օգոստոսից է դա երևում, երբ Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը միասին մասնակցեցին Նիկոլ Փաշնյանի Ստեփանակերտի հանրահավաքին: Այն ժամանակվանից պարզ դարձավ, որ սա  քաղաքական մի ծրագիր է, իսկ այդ ծրագրի նպատակաուղղվածությունը, իմ կարծիքով, Արցախը լիարժեք ծառայեցնելն է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Դա նպաստում է Արցախի սուբյեկտայնության նվազմանը, եթե չասեմ՝ կորստին: Իսկ դա արտահայտվում է Արցախում քաղաքական էլիտաների փոփոխությամբ»,- ասաց նա:

Այս համատեքստում նա մատնանշեց, որ Արայիկ Հարությունյանի կառավարությունից դուրս մնացին նախկին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը: «Սա խոսում է  այն մասին, որ Արցախում քաղաքական էլիտայի փոփոխություն է տեղի ունեցել, և մարդիկ, որոնք տարիներ շարունակ մեծ դեր են ունեցել երկրի անվտանգության պահպանման գործում, դուրս են մնացել այդ գործընթացից: Դա էլ իր հերթին վտանգներ է պարունակում»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շշահնազարյանն անդրադարձավ նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ մոտեցումներին, վերջին հայտարարությանը, թե «իհարկե, փուլային տարբերակով կարող է լուծվել հիմնախնդիրը, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն՝ բանակցություններ»:

Այս մոտեցումը, ըստ քաղաքագետի, անընդունելի է: «Դա նշանակում է, որ այդ հերթականությունն ընդունվելուց հետո, ինքը Ալիևին ասում է, որ կարող են բանակցել փուլային տարբերակով: Արայիկ Հարությունյանն առնվազն պատրաստակամություն է հայտնել շարժվել Ադրբեջանի օրակարգով, Ադրբեջանում մշակված քաղաքական փաստաթղթի շուրջ: Տարրերի հերթականությունն այստեղ արդեն երկրորդական է, բացի այդ, ինքնորոշման իրավունքի ճանաչում դեռևս չի նշանակում Արցախի լիարժեք ճանաչում, ինքնորոշում կարող է լինել նաև Ադրբեջանի կազմումը, ինչն իրենք առաջարկում են: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության երաշիքներին, ապա այստեղ էլ մենք զիջումների տեղ ունենք: Ես վախենում եմ, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը իրենց դնելու է ծուղակում, որից դուրս գալ դժվար կլինի»,-ասաց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան