CNN-ը տեսանյութ է հրապարակել, որում կադրեր են երևում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդին գետնին տապալելուց առաջ

22:38 • 31.05.20

Համացանցում հրապակվել է տեսանյութ, որում երևում է ԱՄՆ Մինեապոլիս քաղաքում տեղի ունեցածը՝ նախքան ոստիկանի կողմից Ջորջ Ֆլոյդի տապալումը գետնին:

Նոր տեսանյութը հրապարակել է CNN-ը: Թեև սևամորթ տղամարդը չի երևում տեսանյութի առաջին 20 վայրկյանում, հեռուստաալիքը հաստատել է նկարահանված կադրերի իսկությունը:

Նշվում է, որ այս տեսանյութում երևում է, թե ինչպես են երեք ոստիկաններ ծնկով գետնին սեղմում տղամարդուն, մինչդեռ ձերբակալության պահը պատկերող նախորդ տեսանյութն այլ անկյունից էր նկարահանվել: Համենայն դեպս, տեսանյութը չի բացահայտում, թե ինչ է տեղի ունեցել ձերբակալությունից առաջ:

Կադրում պարզ լսվում է, որ Ֆլոյդը ասում է. «Չեմ կարողանում շնչել», սակայն ոստիկանները դրան ուշադրություն չեն դարձնում:

Տեսանյութի երկրորդ հատվածում երևում են մոտակա ռեստորանի վերահսկման տեսախցիկի պատկերած կադրերը, որոնք հայտնվել են CNN-ի տրամադրության տակ: Հաղորդվում է, որ այդ կադրերը պատկերում են Ֆլոյդի և ոստիկանների շփման առաջին պահերը: Այնուամենայնիվ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել ձերբակալության առաջին րոպեների և տղամարդուն գետնին տապալելու ժամանակահատվածի միջև:

Հիշեցնենք, որ Ֆլոյդը մահացել է կատարվածից հետո հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին: Նրա պարանոցին ծնկով սեղմող ոստիկանը ձերբակալվել է: Կատարվածից հետո մի քանի օր շարունակ զանգվածային ցույցեր են տեղի ունենում ամերիկյան խոշոր քաղաքներում, որոնցից շատերում պարետային ժամ է սահմանվել:

Տեսանյութն՝ այստեղ: