Նյու Յորքում շուրջ 350 մարդու են ձերբակալել սևամորթ տղամարդու սպանության ֆոնին բռնկված և անկարգությունների վերաճած ցույցերի ժամանակ
Նյու Յորքի ոստիկանությունը շաբաթ ձերբակալել է Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո բռնկված զանգվածային անկարգությունների 345 մասնակցի: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ոստիկանության 33 աշխատակից վնասվածքներ է ստացել անկարգությունների ընթացքում, ինչպես նաև վնասվել է 47 ոստիկանական մեքենա:
Նյույորքյան ոստիկանության ղեկավարը կիրակի հայտնել է, որ «հպարտ է» այն հանգամանքով, թե ինչպես են իր ենթականերն իրենց դրսևորել զանգվածային անկարգությունների ժամանակ: Վերջինս ընդգծել է, որ խոսքը ոստիկանության դաժանության դեմ բողոքի խաղաղ ցույցի մասին չէ: «Դա ամբոխ էր, որը փորձում էր օգտվել ստեղծված իրավիճակից և միտումնավոր կերպով քաոս և ավերածություններ տարածել»,- ասել է ոստիկանապետը:
Նյու Յորքում, ինչպես նաև ամերիկյան այլ խոշորագույն քաղաքներում զանգվածային ցույցերի բռնկման պատճառ է դարձել մայիսի 25-ին տեղի ունեցած սպանությունը Մինեապոլիսում (Մինեսոտա): Ամերիկացիների զայրութն առաջացրել են սպիտակամորթ ոստիկանի դաժան գործողությունները սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդին ձերբակալելու ժամանակ:
Սոցցանցերում 10 րոպե տևողությամբ տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը գետնին պառկեցրել Ֆլոյդին՝ ծնկով սեղմելով նրա պարանոցը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը բաց չի թողել նրան, ինչի հետևանքով էլ տղամարդը մահացել է: Ոստիկանն ավելի ուշ ձերբակալվել է:










