Արաբկիրի դատարանն ախտահանում են աշխատանքային ժամին, շնչել հնարավոր չէ, այդպիսի արդյունք է լինում, երբ մի բան արվում է զեկուցելու համար. դատավոր

10:54 • 01.06.20

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում ախտահանումն իրականացնում են աշխատանքային ժամին, դատարանը նախորդիվ ախտահանվել է մեկ անգամ: Այս մասին գրառում է արել դատավոր Զարուհի Նախշքարյանը.

«Արաբկիրի դատարանում հատուկ սարքավորմամբ ախտահանումն իրականացվել է մեկ անգամ։ Եթե չեմ սխալվում, 20.03.2020թ։ Մինչև այսօր շատերն ահազանգել են ախտահանումն ավելի հաճախականացնելու մասին։ Եվ ահա, այսօր՝ աշխատանքային օր, երկուշաբթի, ժամը 9.00֊ից որոշվել է ախտահանել։ Արդյունքում դատարանի աշխատողներին հանել են դուրս և խորհուրդ տվել 20 րոպե մուտք չգործել։

Հիմա մուտք ենք գործել. շնչել հնարավոր չէ, դահլիճներում ծուխը չի պակասում..․ հաստատապես վնաս է նստավայրի բոլոր աշխատակիցների համար...

Ինչո՞ւ անցած ոչ աշխատանքային չորս օրերին դա հնարավոր չէր իրականացնել և չպարալիզացնել դատարանի բնականոն աշխատանքը, չգիտեմ...

Այսպիսի արդյունք է լինում, երբ մի բան արվում է ոչ թե ի նպաստ, այլ զեկուցելու համար»։