ԱՄՆ-ի արդեն 21 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիան (լուսանկարներ)
ԱՄՆ-ի արդեն 21 նահանգում անկարգությունների դեմ պայքարում ներգրավվել է Ազգային գվարդիան, գրում է The New York Times-ը:
Ազգային գվարդիայի ուժերը ցուցարարներին հակազդելու գործողություններ են ձեռնարկել Վաշինգտոնում, Օհայո, Իլինոյս, Յուտա, Մինեսոտա և այլ նահանգների մի շարք քաղաքներում։
Պարբերականի տվյալներով՝ բողոքի ցույցերն արդեն տարածվել են շուրջ 140 քաղաքներում։
Մինչ այդ հաղորդվել էր 15 նահանգում ցույցերին Ազգային գվարդիայի հինգ հազար մարտիկի մասնակցության մասին։
Ավելի վաղ The Guardian-ը հաղորդել էր, որ նախագահի նստավայրի մոտ նախօրեին լարված գիշեր է եղել․ ցուցարարները հրկիզել են Սպիտակ տան հարևանությամբ գտնվող մի քանի շինություն։ Հրդեհը սկսվել է Սուրբ Ջոնի եկեղեցու նկուղում, որը 1816 թվականից ի վեր համարվել է «նախագահների եկեղեցի»։
Հաղորդվում է, որ Սպիտակ տան դիմաց ոստիկանական գիծը, Լաֆայեթ այգու միջով անցնելով, արցունքաբեր գազով ցրել է ցուցարարներին: Երկու հաղորդում է ստացվել առ այն, որ լրագրողները ծեծի են ենթարկվել մահակներով։
Սպիտակ տնից դեպի արևմուտք գտնվող թաղամասում տեղի են ունեցել կողոպուտներ և հնչել է մի քանի կրակոց: Բնակիչներին հրահանգվել է մնալ իրենց տներում։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
















