Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2019-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում. Արթուր Դավթյան
Հանցագործությունների դեպքերի աճին զուգընթաց՝ 2019-ին արձանագրվել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշի նվազում: Այս մասին Ազգային ժողովում 2019 թվականի դատախազության գործունեության հաղորդումը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նա նշեց, որ 2019 թվականին հանցագործության բացահայտման ցուցանիշը կազմել է 58 տոկոս՝ նախորդ տարվա 62.9 տոկոսի դիմաց: «Գրանցված հանցագործությունների բացահայտման ցուցանիշների վրա էական ազդեցություն է ունեցել ի թիվս այլնի հանցագործությունների հաշվառման գործընթացի բարեփոխումները: Թեև տոկոսային առումով արձանագրվում է բացահատման ցուցանիշի նվազում, սակայն բացահայտման աշխատանքների ծավալները զգալի աճ են արձանագրել: Հաշվետու տարում բացահայտվել են 848-ով ավելի հանցագործություններ, քան 2018 թվականին»,- ասաց նա:
Անդրադառնալով մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության ոլորտին՝ Դավթյանը նշեց, որ 2019-ի ընթացքում հանրապետության նախաքննական մարմինների կողմից քննվել է 35 168 քրեական գործ, նախորդ տարվա համեմատությամբ գործերի թիվն աճել է 27 տոկոսով: «Ընդ որում, 36 տոկոսով աճել է նոր հարուցված քրեական գործերի թիվը: Բերված թվերը փաստում են քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռվածության շոշափելի աճը: 2019-ին քննիչների ծանրաբենռվածության աստիճանը կազմել է միջին հաշվով 63.3 քրեական գործ՝ նախորդ տարվա 51,5 գործի դիմաց, դատախազներինը կազմել է 130.7 քրեական գործ՝ նախորդ տարվա 102.9 քր գործի դիմաց»,- հայտնեց նա:










