1 մլն 950 հազար կտրոն ուռենի արդեն տնկվել է․ փոխնախարարը՝ հակաճգնաժամային 15-րդ միջոցառման ընթացքի մասին
10 մլն ծառատունկի ծրագիրը հետաձգվել է մինչև 2021 թվականը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը՝ խոսելով հակաճգնաժամային 15-րդ միջոցառման և անտառաշերտի տնկման մասին:
«Ծրագիրը մայիսի 21-ին է մեկնարկել և գրեթե հասել ենք նախապես դրված մեր նպատակին: Վերջին տվյալներով՝ 1 մլն 950 հազար կտրոն ուռենի արդեն տնկված է, և աշխատանքներում արդեն ներգրավված են մոտ 1000 քաղաքացի»,- ներկայացրեց նա:
Նա նշեց նաև, որ աշխատանքերն իրականացվել են տարբեր մարզերում և բարձրադիր գոտիներում: Փոխնախարարը, պատասխանելով այն դիտարկումներին, թե ուռենի տնկելու փոխարեն կարող էին մրգատու ծառեր տնկել, ասաց՝ անհրաժեշտ է տնկել, բայց ամեն ինչ պայմանավորված է գոտիների դիրքերից:
Հարցին, թե ի՞նչ է սպասվում 10 մլն ծառատունկի ծրագիրին, փոխնախարարը պատասխանեց, որ այն հետաձգվել է մինչև 2021 թվականը, բայց շտապողականություն չկա, քանի որ 1 մլն-ից ավելի ծառ է տնկվել: Նա շեշտեց, որ այս ծրագրի առաջին նպատակն այն է եղել, որ քաղաքացիներին եկամուտ ապահովեն, քանի որ շատերն աշխատանքները կորցրել են՝ համավարակի տարածումով պայմանավորված:
«Հետաձգումը մեզ հնարավորություն կտա ավելի լավ աշխատանքներ պլանավորել, սակայն դեռ ավելի մանրամասն հանրությանը կներկայացնենք»,- ասաց փոխնախարարը:










