Թուրքիայում ներքին ավիահաղորդակցությունը վերսկսվել է
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն հայտնել է, որ երկրի՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով դադարեցված ներքին ավիահաղորդակցությունը վերսկսվել է, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակի ֆոնին ներքին ավիահողորդակցությունը դադարեցվել էր դեռևս ապրիլի 3–ին և հաջորդել էր մարտի 27–ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ միջազգային չվերթների դադարեցման մասին հայտարարությանը։
«Այսօր վերսկսում ենք ներքին ավիահաղորդակցությունը։ Օդանավակայաններում և ինքնաթիռներում կորոնավիրուսի կանխարգելման և ուղևորների ու անձնակազմի առողջության պահպանման նպատակով անվտանգության և սոցիալական հեռավորության բարձր մակարդակի միջոցառումներ են ձեռնարկվել»,- լրագրողներին հայտնել է Քարաիսմաիլօղլուն։
Նրա խոսքով՝ առաջին ներքին չվերթները կիրականացվեն Ստամբուլից Անկարա, Իզմիր, Անթալիա և Տրապիզոն ուղղություններով։ Նախարարը հավելել է, որ Թուրքիան այլ երկրների հետ ավիահաղորդակցության վերականգնման շուրջ բանակցություններ է վարում։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 163 942 մարդ, մահացել՝ 4 540-ը։ Համավարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 127 973-ի։










