«Դա կխթանի ծնելիությունը». Ժիրինովսկիի կուսակցությունն առաջարկել է տնային տնտեսուհիներին «աշխատավարձ» վճարել

12:13 • 01.06.20

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ՌԼԴԿ) հունիսի մեկին պատրաստվում է Պետդումա ներկայացնել մի օրինագիծ, ըստ որի՝ առաջարկվում է տնային տնտեսուհիներին նվազագույն աշխատավարձի չափով ամսական նպաստ վճարել:

Ինչպես նշում է eadaily.com-ը, խոսքն ամսական ավելի քան 12 000 ռուբլու մասին է:

Օրինագծի համաձայն՝ այսպիսի ամսավճար ստանալուն կարող է հավակնել ընտանիքից միայն մեկ անդամ և այն էլ այն դեպքում, եթե տվյալ ընտանիքի՝ մեկ անձի հաշվին բաժին ընկնող միջին եկամուտը չի գերազանցում աշխատունակ բնակչության կենսանվազագույնի կրկնակի ցուցանիշը:

Օրինագծի հեղինակների կարծիքով՝ նպաստը կամրապնդի հասարակության շրջանում սոցիալական կայունությունը: Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն կարող է շրջանառության մեջ դրվել արդեն 2021թ. հունվարի մեկից:

Կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին բացատրել է, որ տնային տնտեսուհիների նպաստը կարող է խթանել ծնելիության մակարդակի բարձրացումը: