Պենտագոնը ԱՄՆ-ում շարունակվող քաղաքացիական անհնազանդությունների պատճառով անվտանգության իրավիճակը հասցրել է 2-րդ բարձրագույն մակարդակի
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը բարձրացրել է անվտանգության մակարդակը Պենտագոնում և մայրաքաղաքի շրջանում տեղակայված այլ պաշտպանական կառույցներում՝ հասցնելով այն 2-րդ բարձրագույն աստիճանի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով նախարարության երկու պաշտոնյաների:
Երկրորդ աստիճանը կոչվում է «ուժային պաշտպանության իրավիճակ» և հայտնի է «Չարլի» անվանումով: Պենտագոնը «Բրավո» ուժային պաշտպանության իրավիճակից անցել է «Չարլիին»՝ քաղաքացիական անհնազանդության ֆոնին տեղի ունեցող վայրագությունների հետ կապված մտահոգությունների պատճառով:
ԱՄՆ Հյուսիսային հրամանատարությունը, որը վերահսկում է ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների ցամաքային տարածքներում, փոխել է ուժային պաշտպանության իրավիճակը: «Մենք բարձրացրել ենք ուժային պաշտպանության իրավիճակը մայրաքաղաքի շրջանում՝ ապահովելու մեր ծառայողների և նրանց ընտանիքների անվտանգության առավել բարձր պաշտպանությունը»,- ասել է հրամանատարության խոսնակը:
Ըստ ԱՄՆ բանակի՝ «Չարլի» ուժային պաշտպանության իրավիճակը սահմանվում է, երբ հետախուզությունը տեղեկություն է ստանում ահաբեկչական գործողության մասին, որի թիրախում կարող են հայտնվել զինվորական անձնակազմի անդամները կամ ռազմական կառույցները:
Նշենք, որ քաղաքացիական անհնազանդությունների պատճառ է դարձել մայիսի 25-ին սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի սպանությունը Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպայի կողմից: Վերջինս մի քանի րոպե ծնկով սեղմած է պահել Ֆլոյդի պարանոցը և անտեսել նրա աղաչանքները: Ֆլոյդը պարբերաբար կրկնել է, որ չի կարողանում շնչել:
Կատարվածից զայրացած ամերիկացիները պահանջում են խստագույնս պատժել ոստիկանին և վերացնել ռասսայական խտրականությունը:












