Սպիտակ տանն ընդունել են ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի առկայությունը

08:35 • 03.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ երկրի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ֆոնին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի համակարգային ռասիզմ։

«Միանգամայն ճիշտ է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի համակարգային ռասիզմ, և որ չկա հավասարություն բոլոր մարդկանց համար։ Կարծում եմ՝ դրանում կասկած չկա»,- ասել է Քոնուեյը, որի խոսքը մեջբերում է Washington Examiner պարբերականը։

«Ես շատ ուրախ եմ, որ Արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել։ Տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է Քոնուեյը՝ հավելելով, որ «այն, ինչ արվել է Ջորջ Ֆլոյդի նկատմամբ, սպանություն էր»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել նախորդ շաբաթ սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա պարանոցը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։