ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին մոտ 1600 զինծառայող տեղակայվել է Վաշինգտոնի շրջանում
ԱՄՆ-ում մոտ 1.6 հազար զինծառայող է տեղափոխվել Վաշինգտոնի մերձակայք, որտեղ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետ կապված բողոքի ցույցեր են տեղի ունենում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանի հայտարարությանը։
«Ծառայության մեջ գտնվող զինվորները տեղափոխվել են մայրաքաղաքային շրջանի զինվորական բազաներ, և ոչ թե հենց Վաշինգտոն»,- մեջբերում է նրա խոսքերը գործակալությունը։
Հոֆմանը նաև ընդգծել է, որ զինվորական ուժերը «բարձր մարտական պատրաստվածության վիճակում» են գտնվում, սակայն դեռևս քաղաքային իշխանություններին օգնություն չեն ցուցաբերում։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ չնայած պարետային ժամին՝ ցուցարարները հավաքվել են Սպիտակ տան մոտ և տարբեր կարգախոսներ հնչեցրել, այդ թվում նաև՝ կոչ արել նախագահ Դոնալդ Թրամփին հեռանալ պաշտոնից։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարն անձամբ թվիթերյան իր օգտահաշվում հայտնել էր, որ Վաշինգտոնն աշխարհում ամենաանվտանգ վայրն է։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ նախօրեին ցուցարարները մեկ ոստիկանական մեքենա են այրել, երկու իրավապահ վիրավորվել է, ձերբակալվել է մոտ 300 մարդ։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։










