Դուք էլ արդեն չեք հասկանում՝ ինչ եք ուզում և ինչ եք անում. ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքը՝ հակահամաճարակային կանոնների խախտում արձանագրող լուսանկարներ ուղարկելու Փաշինյանի կոչին (լուսանկար)
Ժամեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ իր հետևորդներին կոչ անելով հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանել, լուսանկարահանել եւ ուղարկել իր ֆեյսբուքյան էջին: «…հնարավորինս կոնկրետ և ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց»,- գրել էր նա:
Այս գրառմանը վարչապետի էջում հաջորդեցին Հայաստանի տարբեր մարզերից արված լուսանկարներ և տեսանյութեր, և, իհարկե, դրան անդրադարձան նաև ֆեյսբուքյան օգտատերերը:
ԱԺ «ԼՀԿ» պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է. «Սկզբում Էջմիածնի կինը դարձավ ատելության թիրախ, որ արդարացվեր Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը: Հիմա էլ վարչապետի էջում հրավիրվում են սոցիալական տիրույթում պատրաստ հայհոյողների խմբակներ Գլորիայի աշխատակիցներին ատելության թիրախ դարձնելու համար:
Դուք էլ արդեն չեք հասկանում ինչ եք ուզում և ինչ եք անում»:
COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը նկատում է. «Հայաստանում կորոնավիրուսի լայն թափով տարածման գլխավոր մեղավորը կառավարությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,եթե օրական 1000 հատ նկար էլ հրապարակի, դրանից այս փաստը չի կարող փոխվել»:
Ըստ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ վարչապետը «պարապությունից մարդկանց անձնական տեսանյութերն է ստանում ու դնում»:
«Իրան թվում ա, որ կարողանալու ա մարդկանց խայտառակ անելով իր վրից պատասխանատվությունը ցրի: Չի՛ ստացվելու, Նիկոլ ջան, էս կորոնավիրուսը քո ու քո ապաշնորհների բերածը, տարածածն ու ամրապնդածն ա, ու դու սրա համար հաստատ պատասխան ես տալու»,- գրել է նա:
«Ոստիկանին կանգնեցրել եք փողոցում, բայց չեք ասել ինչ անի, նա էլ անգործությունից անդիմակ վարորդներ է տուգանում։ Մարդուն վարչապետ եք կարգել, բայց չեք ասել ինչ անի, նա էլ անգործությունից մարդ է նստացնում ու մաքսանենգ սիգարետ վաճառում»,- գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանն էլ, հրապարակելով Արցախում Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած հավաքույթի լուսանկարը, գրել է. «Հետևելով հակահամաճարակային կանոնների աղաղակող խախտումների լուսանկարներ հրապարակելու վարչապետի կոչին, տեղադրում եմ այս լուսանկարը։ Լուսանկարն արվել է 2020թ. մայիսի 21-ին, Արցախում»:











